Որպեսզի սնունդը լինի ոչ միայն համեղ, այլև անվտանգ առողջության համար, անհրաժեշտ է պատասխանատու կերպով մոտենալ մսի ընտրության հարցում։
Շատ կարևոր է հավի մսի ճիշտ ընտրությունը` հին մսամթերք ձեռք բերելով, դուք վտանգում եք ձեր և ձեր մտերիմների առողջությունը: Բարձրորակ հավի միսը շատ առողջարար է, այն պարունակում է մեծ քանակությամբ ֆոսֆոր և երկաթ: Ճարպի քիչ քանակությունը հավի միսը դարձնում է դիետիկ արտադրանք, համեմատած մսի այլ տեսակների հետ:
Ընտրե՛ք լավագույնը, եղե՛ք առողջ․․․
Այսօր արտադրողներն ամեն ինչ անում են, որ երկարացնեն հավի մսի պահպանման ժամկետը և ապահովեն գրավիչ, կոմերցիոն տեսքը։ Դրա համար հավին ներարկում են հակաբիոտիկներ, ներկում են միսը, մշակում են քլորով և այլ նյութերով: Որպեսզի համոզվենք, որ միսը առողջ է և որակյալ, պետք է ուշադրություն դարձնենք ստորև նշված մի քանի կետերի, որոնք են․
- գույնը,
- հոտը,
- չափսը,
- փաթեթավորումը,
- սառեցումը,
- պահպանման նորմերը:
Գույնը
Մաշկի գույնը պետք է լինի բաց վարդագույն, իսկ միսն ինքնին մի փոքր կարմրավուն: Եթե մաշկի գույնը դեղին կամ մոխրագույն է, իսկ միսն անբնական վառ կարմիր է, ավելի լավ է հրաժարվել նման միս գնելուց: Հաճախ այդպիսի արտադրանքին ավելացնում են ներկեր, և դա կարող է վտանգավոր լինել առողջության համար:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ տեսքը պետք է լինի հաճելի, միսը լինի լավ մաքրված, հավի վրա չլինեն փետուրներ և տարբեր վնասվածքներ, արյան խցանումներ և բշտիկներ:
Հոտը
Մսի ընտրության մեկ այլ կարևոր գործոն է հոտը: Եթե նույնիսկ մի փոքր փտած հոտ է գալիս, ոչ մի դեպքում մի գնեք այն: Վաճառողները հաճախ խաբում են և օգտագործում տարբեր համեմունքներ, որպեսզի թաքցնեն տհաճ հոտը: Խանութում հավի միսը ստուգելու լավ, բայց դժվար եղանակ կա, այն պետք է տաք դանակով կտրել և հոտոտել: Եթե հոտը թարմ է, ապա կարող եք հանգիստ գնել:
Փաթեթավորում
Հավի փաթեթավորման վրա պետք է լինի նշված լինի փաթեթավորման և պահպանման ժամկետը: Սովորաբար, հավը պահվում է ոչ ավելի, քան 6 օր, իսկ առանձին մասերը՝ մինչև 7-8 օր: Եթե տեսնում եք ավելի երկար ժամանակահատված, ապա գործ ունեք կոնսերվանտներով մշակված հավի մսի հետ:
Նաև փաթեթավորման վրա ցանկալի է լինի «ՄՇԱԿՎԱԾ Է ԱՌԱՆՑ ՔԼՈՐԻ» կամ նման նշում: Նախկինում միսը մշակվում էր քլոր պարունակող հատուկ լուծույթներով, ինչը վատ ազդեցություն է ունենում մարդու աղեստամոքսային համակարգի վրա: Ներկայումս ախտահանման այս մեթոդը չի օգտագործվում:
Չափսը
Հավի չափսը պետք է լինի բնական: Եթե տեսնում եք անբնական մեծ բդեր կամ մեծ կրծքամիս, ավելի լավ է հրաժարվել նման գնումներից: Հիմնականում հավերին կերակրում են հորմոններով և հատուկ սնունդով, որպեսզի չափսերով մեծ լինեն: Դա կարող է առողջության համար վտանգավոր լինել:
Օրինակ՝ հավի կրծքամիսը չպետք է գերազանցի 20սմ-ը, իսկ ոտքերը` 15սմ-ը:
Սառեցումը
Սառեցված հավ գնելիս սխալվելու հնարավորությունը մեծ է ժամկետանց կամ հին մսի ընտրության հարցում: Հետևաբար, եթե ունեք ընտրության հնարավորություն գնելու սառեցված կամ ոչ սառեցված հավ, ապա խորհուրդ ենք տալիս գնեք ոչ սառեցվածը և ինքներդ սառեցրեք: Արդյունքում կունենաք ավելի որակով և համեղ միս: Սառեցնելուց առաջ վաճառողները հաճախ ջուր են ներարկում հավին, քաշը ծանրացնելու համար, այնպես որ, եթե չեք ցանկանում խաբվել, ավելի լավ է հրաժարվել նման գնումներից:
Պահպանման վայրը
Կարևոր է այն տեղը, որտեղից վաճառվում էհավի միսը: Ըստ կանոնների, միսը պետք է պահել սառնարանային պայմաններում 0 աստիճան ջերմաստիճանում: Ստուգելու համար հավի միսը հին է թե ոչ, կարող եք դիպչել հավին, եթե միսը կպչուն է, ապա արտադրանքները հնացած են: